Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեքսոլոգիա

Վագինիզմ մարմինը ցանկանում է, հոգին` վախենում...

Վագինիզմ  մարմինը ցանկանում է, հոգին` վախենում...

Յուրաքանչյուր կին վախենում է «դա» անել առաջին անգամ: Իսկ եթե առաջին անգամ չէ՞: Եթե արդեն հազարերորդ անգամ ցավի հանդեպ վախը, անհարմարության զգացումը, լարվածությունը չեն անցնում, ստիպում են կնոջը ներքուստ ճնշվել և հասնել գրեթե ուշագնացության:

 

Այստեղ կան բոլոր հիմքերը խոսելու մի հիվանդության մասին, որով այսօր տառապում է կանանց 3-4 տոկոսը: Վագինիզմը բավական լայն տարածում ունի նաև Հայաստանում, ինչն ամուսնական զույգի համար լուրջ խնդիր է դառնում:

 

Վագինիզմը կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի մկանների արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում` անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը:

 

Վագինիզմը հոգեբանական բնույթ ունի: Պատահում է, իհարկե, որ կնոջ օրգանիզմի այդ ռեակցիան առաջանում է օրգանների ոչ ճիշտ կառուցվածքի, սեռական համակարգի տարբեր հիվանդությունների պատճառով: Սակայն այս դեպքում երևույթը կոչվում է կեղծ վագինիզմ (պսևդովագինիզմ):

 

Վագինիզմը կուսական ամուսնության` վիրգոգամիայի պատճառ է դառնում: Ամուսիններն ապրում են համատեղ կյանքով` իբրև պարզապես ընկերներ: Եվ միայն երեխա ունենալու ցանկությունն է, որ նրանց կարող է ստիպել դիմելու բժշկի: Որոշ դեպքերում զույգերը դիմում են սեռական հարաբերության այլընտրանքային ձևերի, որը ժամանակավորապես լուծում է խնդիրը:

 

Վագինիզմին ավելի հակված են կանայք, որոնց բնավորությանը բնորոշ են հուզական անկայունությունը, կասկածամտությունը, նեղացկոտությունը, ներշնչվելու հատկությունը: Պետք է նշել նաև, որ նման կանանց մոտ ցավի ընկալման շեմը շատ ցածր է լինում:

 

Տարբերում են վագինիզմի 3 աստիճան:

 

  1. Կծկումներն առաջանում են սեռական ակտի կամ գինեկոլոգիական հետազոտության ժամանակ:
  2. Սեռական օրգանների շփման ժամանակ:
  3. Սպասվող սեռական ակտի կամ գինեկոլոգիական հետազոտության ենթարկվելու մտքից:

 

Վագինիզմի այն ձևը, երբ կինը սեռական մերձեցումից առաջ անհաղթահարելի վախ է զգում, կոչվում է ֆոբիական վագինիզմ: Կինը կարող է շատ քաջ գիտակցել իր վախի անհիմն լինելը, կարող է իրեն դրական տրամադրել, բայց, այնուամենայնիվ, ի վիճակի չէ հաղթահարելու այն: «Թուլանալու և հաճույք ստանալու» զուգընկերոջ անհամբերությունն ու պահանջը տվյալ դեպքում միայն ավելի են խորացնում նրա վիճակը: Իր անլիարժեքության զգացումը կնոջը հուսահատության և նոր բարդույթների է հասցնում:

 

Ֆոբիական վագինիզմի հիմքում ընկած է շատ ամուր կապը վախի ու սեռական ակտի միջև: Սովորաբար նման ձևով տառապում են տարբեր ֆոբիաների նկատմամբ հակում ունեցող կանայք: Նրանք հաճախ վախենում են նաև մթությունից, արյան տեսքից, իսկ կուսաթաղանթի պատռվելու «մղձավանջների» և «շատրվանանման արյունահորդումների» մասին պատմությունները կարող են իսկական խուճապ առաջացնել:

 

Սեռական ակտի սկզբում` ներհրման պահին իսկապես կարող է առաջանալ ցավային զգացողություն` պայմանավորված վերոնշյալ նախապաշարումներով: Տվյալ դեպքում ցավային զգացողությունը կապված է էրոտիկ ցածր գրգռվածության հետ, որը լյուբրիկացիայի` հեշտոցի խոնավացման հոգեբանական արգելակման հետևանք է: Արդյունքում նման կանանց մոտ ամրապնդվում է այն խորը համոզմունքը, որ սեռական ակտը ուղեկցվում է անտանելի ցավով, որն էլ դառնում է ցավի հանդեպ վախի և ջղաձիգ կծկման ձևով հակազդման պատճառ: Նշված դեպքերում ի հայտ են գալիս հուզական խանգարումներ` տագնապ, անհանգստություն, լարվածություն, ինչի հետևանքով նման կանայք խուսափում են բոլոր այն իրավիճակներից, երբեմն նույնիսկ մտքից, որոնց կարող է հաջորդել սեռական մերձեցումը, և, որպես կանոն, հրաժարվում են սեռական կյանքից ընդհանրապես:

 

Վագինիզմի մյուս տարատեսակը հիստերիկ վագինիզմն է, որին բնորոշ է «փախուստ դեպի հիվանդություն» մեխանիզմը: Որպես կանոն, այն ունի ընտրողական բնույթ, այսինքն` ուղղված է կոնկրետ անձի, որի հետ կինը չի ցանկանում մերձենալ և կարող է դրսևորվել թե´ գիտակցապես, և թե´ անգիտակցաբար: Պատճառը կարող է լինել չսիրած մարդու հետ ամուսնությունը, զուգընկերոջ բնավորության որոշ գծեր, որոնք առաջացնում են հակակրանք և խոչընդոտում նորմալ սեռական կյանքին: Քանի որ հիմնական դրդապատճառը ընտրողականությունն է, ուստի հիստերիկ վագինիզմն անցնում է զուգընկերոջը փոխելուց հետո:

 

Սեքսոպաթոլոգները երբեմն կատակում են, թե վագինիզմը հիստերիկ կնոջ և կասկածամիտ տղամարդու միության հետևանք է: Սակայն գոյություն ունեն միանգամայն լուրջ պատճառներ, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել հիվանդության զարգացման վրա:

 

Հաճախ աղջկա սխալ սեռական դաստիարակությունը կարող է ապագայում նրան վախ կամ զզվանք ներշնչել սեռական կյանքի նկատմամբ: Եթե կնոջ մեջ սեքսի նկատմամբ թյուր, ամոթալի վերաբերմունք է ստեղծվել, կամ նրա բացասական ռեակցիան պայմանավորված է ծնողների բացասական օրինակով, ապա հազիվ թե նրա մեջ առողջ և ճիշտ պատկերացում ձևավորվի սեռական կյանքի նկատմամբ: Ծնողների համար գաղտնիք չէ, որ նրանց երեխաները հետաքրքրվում են սեքսին վերաբերող հարցերով և իրենց սեռական օրգանների կառուցվածքով: Մանուկ կամ դեռահաս աղջիկներին ձեռնաշարժության, սեռական օրգաններին դիպչելու համար պատժելը կարող է ապագայում ենթագիտակցորեն հոգեբանական ճնշում գործադրել: Հետևաբար երեխաներին երբեք չպետք է պատժել նման արարքների համար. իմաստուն և խելացի ծնողները նրա ուշադրությունը պարզապես աննկատելիորեն կշեղեն:

 

Վագինիզմը կարող է նաև զուգընկերոջ կոպիտ վերաբերմունքի, բռնության կամ կուսաթաղանթի ցավոտ պատռման հետևանք լինել: Տվյալ դեպքում կնոջ ուղեղը հիշում և ֆիքսում է բացասական փորձը, ու յուրաքանչյուր հաջորդ սեռական ակտի ժամանակ ենթագիտակցորեն գործում է պաշտպանական մեխանիզմը. հեշտոցամուտքի մկաններն ակամա ջղաձիգ կծկվում են, ուստի վագինիզմն առավել հաճախ հանդիպում է երիտասարդ աղջիկների մոտ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ այն չի կարող հանդիպել ցանկացած տարիքում: Սեքսուալ փորձ ունեցող կինը նույնպես կարող է վագինիզմի զոհ դառնալ: Այն կարող է լինել հոգեբանական խորը սթրեսների և խանգարումների դեպքում: 

 

Կնոջ վախի հիմքում երբեմն ընկած են սեռական հարաբերության ժամանակ զուգընկերոջ վարքային առանձնահատկությունները, որոնք էլ պայմանավորված են զուգընկերոջ սեռական հարաբերության մասին փաստարկներով: Այսինքն` վագինիզմը երբեմն տղամարդու սեռական ոչ համարժեք վարքի դրսևորման հետևանք է: Տղամարդկանցից ոմանք սեռական հարաբերությունն ընդունում են որպես ինքնադրսևորման և ինքնակայացման միջոց` պայմանավորված իրենց անինքնավստահությամբ: Նման ամուսնական զույգի մոտ առաջին սեռական հարաբերության ժամանակ, երբ կինը, ելնելով վախի զգացումից, մի փոքր դիմադրում է, զուգընկերը թերարժեքությունից կամ անինքնավստահությունից դրդված ձեռնարկում է ամեն միջոց` կուսազրկումը իրականացնելու համար, երբեմն այն վերածվում է բռնության: Այս դեպքում կնոջ մոտ վախի զգացումը խորանում է` անհնարին դարձնելով նույնիսկ սեռական օրգաններին ձեռքով դիպչելը: 

 

Վագինիզմի հակված կինը կարող է նաև չկռահել իր խանգարման մասին: Առավել հաճախ սեռական կյանքի անհաջողությունները նա փոխհատուցում է ինքնաիրացման այլ եղանակներով, ինքն իրեն համոզում է, որ սեքսը այս կյանքում գլխավորը չէ: Հաճախ նման մտածելակերպը կապված է լինում տվյալ հասարակարգում արմատավորված սեռական կյանքի կուլտուրայի հետ: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ կանայք, հատկապես ավագ սերնդի, դաստիարակված են «կնոջը սեքսն անհրաժեշտ է միայն ծննդաբերելու նպատակով» սկզբունքով, ուստի իրենց կարգավիճակը դիտում են որպես թույլ սեռին բնորոշ ճակատագիր:

 

Նման դեպքում տղամարդը պետք է գտնի ոսկե միջինը, այսինքն` մի կողմից` չճնշի կնոջը «դիմացիր, բոլորի մոտ էլ ցավում է» արտահայտությամբ, մյուս կողմից` չձգտի խնդիրը բացարձականացնել, քանի որ անվճռականությունը և չափազանց մեղմությունը կարող են արջի ծառայություն մատուցել: 

 

Վագինիզմի բուժման համար կիրառվում են մի քանի մեթոդներ, որոնք ուղղված են սեռական ակտից կամ գինեկոլոգիական հետազոտությունից առաջ վախի զգացման հաղթահարմանը, վագինիզմի առաջացման պատճառների բացահայտմանը:

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ